Առողջապահություն 4.2009
Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին
Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է` նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում:
Ճողվածքները կարող են լինել նորմայում գոյություն ունեցող կամ ախտաբանական վիճակների հետևանքով առաջացած ու մեծացած անցքեր, որոնք լինում են հյուսվածքի դեֆեկտի տեղում կամ հետվիրահատական սպիների նրբացած հատվածներում:
Ըստ տեղակայման, տարբերակում են ուղեղանյութի, մկանների, ստոծանու Ճողվածքներ: Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում աճուկային, ազդրային, պորտային, որովայնի սպիտակ գծի, թրանման ելունի, կրծքավանդակի, որովայնի կողմնային պատի, նստատեղի, շեքի, ինչպես նաև հետվիրահատական տարբեր տեղակայման այլ ճողվածքներ:
Սա բավական տարածված հիվանդություն է, որը հանդիպում է բնակչության 3-4%-ի շրջանում: Պետք է նշել, որ հիվանդանոցների ընդհանուր վիրաբուժական բաժանմունքներում կատարվող վիրահատությունների 15-20%-ը բաժին է ընկնում ճողվածքներին: Այն հանդիպում է բոլոր տարիքային խմբերում` սկսած նորածնային և վաղ մանկական հասակից մինչև ծերունական տարիքը: Տարիներ շարունակ օրգանիզմում անվնաս գոյատևելով, ոչ հազվադեպ այն կարող է հանկարծակի բարդանալ օղակումով և դառնալ կյանքին վտանգ սպառնացող լուրջ բարդությունների պատճառ:
Ճողվածքի բուժումը միայն վիրահատական է, որի հիմնական բացասական կողմը հիվանդության կրկնություններն են (ռեցիդիվները), որոնք դիտվում են 10-45% դեպքերում, այսինքն` վիրահատությունից հետո ճողվածքի կրկնություն դիտվում է նվազագույնը տասը հիվանդից մեկի մոտ:
Առավել հաճախ լինում են որովայնային ճողվածքներ: Այդ դեպքում տարբերում են ճողվածքի դուռ (խոռոչի պատի խախտված հատվածը, որով դուրս են գալիս ներքին օրգանները), ճողվածքապարկ, ճողվածքապարկի պարունակություն (հաճախ` բարակ աղիքները, ճարպոնը, հազվադեպ` արգանդափողը, ձվարանը, հաստ աղիքը և այլն): Ճողվածքը որովայնի պատի վրա եղած բնական (բնածին) և արհեստական (վնասվածքներից կամ վիրահատություններից հետո առաջացած) անցքերից կամ թույլ կետերից որովայնի պատը ներսից ծածկող բարակ թաղանթով պատված, վերը նշված օրգանների արտափքումն է մաշկի տակ: Այդ արտափքումից ձևավորվում է ճողվածքապարկ, որտեղ կարող են տեղակայվել որովայնի հարևանությամբ գտնվող նշված որոշ ներքին օրգաններ:
Ճողվածքները լինում են արտաքին և ներքին: Արտաքին ճողվածքները դիտվում են ավելի հաճախ և առաջանում են որովայնի պատի թույլ հատվածներում: Դրանք ըստ տեղակայման լինում են աճուկային, ազդրային, պորտային, սպիտակ գծի, նաև հազվադեպ տեղակայման (գոտկային, որովայնի կողմնային պատի, շեքային և այլն): Դրանք կարող են լինել հետվնասվածքային և հետվիրահատական: Մարմնի համապատասխան շրջանում առաջանում է հիվանդի համար նկատելի ուռուցքանման արտափքվածություն:
Ներքին ճողվածքներն առաջանում են որովայնի ներսում, արտաքինից չեն երևում:
Ստոծանու բնական և արհեստական անցքերով ու ճեղքերով որովայնի օրգանները կարող են ներթափանցել կրծքի խոռոչ: Ճողվածքի այս տեսակը բարեբախտաբար հազվադեպ է հանդիպում, քանզի հաճախ այն դառնում է աղիքային անանցանելիության պատճառ և, որպես կանոն, ախտորոշվում է վիրահատական միջամտության ժամանակ:
Ճողվածքները լինում են նաև բնածին և ձեռքբերովի:
Բնածին ճողվածքների պատճառը ներարգանդային զարգացման շրջանում որովայնի պատի թերաճն է: Դրա տիպիկ օրինակ են նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաների պորտային և աճուկափոշտային ճողվածքները:
Ձեռքբերովի ճողվածքները զարգանում են առանց որովայնի պատի բնածին արատի, որոնց առաջացմանը նպաստում են նախատրամադրող և նպաստող գործոնները: Նման գործոններից են որովայնի պատի անատոմիական ոչ լիարժեք կառուցվածքը, տղամարդկանց աճուկային շրջանի համեմատաբար թույլ լինելը, կանանց ազդրային օղի ավելի մեծ չափերը, տարիքը (մինչև 1 տարեկան երեխաների որովայնի պատի թուլությունը, միջին տարիքի մարդկանց ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը), հյուծվածությունը, որովայնի պատի վնասվածքներն ու հետվիրահատական սպիները, որովայնի պատի նյարդերի կաթվածը: Նպաստող պատճառներ են նաև ծանր ֆիզիկական աշխատանքը, դժվար ծննդաբերությունը, միզարտադրության դժվարացումը տարբեր հիվանդությունների ժամանակ (շագանակագեղձի ադենոմա, ֆիմոզ, միզուկի նեղացում), երկարատև հազը, փողային գործիքների վրա նվագելը, փորկապությունը, լուծը և այլ ախտաբանական վիճակներ, որոնք ուղեկցվում են ներորովայնային ճնշման հաճախակի բարձրացումով:
Ըստ կլինիկական ընթացքի, ճողվածքները լինում են բարդացած և չբարդացած:
Չբարդացած ճողվածքները բաժանվում են 2 խմբի. ներուղղվող կամ ազատ (ճողվածքային արտափքվածությունն ինքնուրույն կամ ձեռքի թեթևակի սեղմումով ներուղղվում է որովայնի խոռոչ) և չներուղղվող (այս դեպքում ճողվածքային արտափքվածության ձևն ու չափերը մարմնի տարբեր դիրքերում և սեղմելիս մնում են անփոփոխ կամ քիչ են փոխվում, և չի ներուղղվում որովայնի խոռոչ):
Ճողվածքների հիմնական բարդություններն են օղակումը, այսինքն` կղանքային զանգվածի կանգը, ճողվածքի պարունակության և թաղանթների բորբոքումը, վնասվածքները և նորագոյացությունները:
Ճողվածքները սովորաբար զարգանում են դանդաղ: Սկզբում ձևավորվող ճողվածքի շրջանում ի հայտ են գալիս թույլ, երբեմն ծակող բնույթի ցավեր, որոնք քիչ են անհանգստացնում, իսկ հետագայում աստիճանաբար ուժեղանալով` սկսում են խանգարել արագ քայլելիս կամ ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս: Որոշ ժամանակ անց կամ երբեմն ցավերի հետ մեկտեղ հիվանդը տվյալ շրջանում նկատում է արտափքվածություն, որը ճողվածքի հիմնական նշանն է: Սովորաբար այն ի հայտ է գալիս լարվածության ժամանակ (օրինակ` հազալիս կամ որովայնը սեղմելիս) և հեշտությամբ անհետանում մարմնի հորիզոնական դիրքում կամ ձեռքով թեթևակի սեղմելիս: Որովայնի արտաքին ճողվածքների սույն կլինիկական դրսևորմամբ դեպքերը հեշտ են ախտորոշվում, անգամ առանց հիվանդին հետազոտելու: Լաբորատոր, ռենտգենյան և հետազոտության մյուս եղանակները կիրառվում են հիվանդի ընդհանուր վիճակը գնահատելու և ուղեկցող հիվանդությունները հայտնաբերելու նպատակով: Եթե ճողվածքը ներուղղվող չէ, ապա ցավերը սովորաբար լինում են մշտական` ուժեղանալով ֆիզիկական լարվածության ժամանակ և ուղեկցվում մարսողության խանգարումներով: Չներուղղվող ճողվածքները ունեն օղակվելու մեծ հակում: Օղակումը ամենավտանգավոր բարդությունն է, որի ժամանակ ճողվածքամուտքում ճողվածքի պարունակությունը հանկարծակի սեղմվում է: Այս բարդությունը կազմում է ընդհանուր դեպքերի 8-20%-ը: Իրենց հաճախականությամբ օղակված ճողվածքները որովայնի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների շարքում գրավում են երրորդ տեղը սուր ապենդիցիտից և լեղապարկի սուր բորբոքումից հետո: Դրանք կանանց շրջանում ավելի հաճախ են հանդիպում: Հիվանդների մեջ գերակշռում են տարեցները:
Օղակումն ավելի հաճախ դիտվում է աճուկային, այնուհետև` ազդրային և պորտային ճողվածքների ժամանակ: Դրանք ի հայտ են գալիս ծանրություն բարձրացնելիս, ֆիզիկական աշխատանքներ կատարելիս կամ ուժեղ հազալիս: Նեղ ճողվածքամուտքով ճողվածքապարկ մտած օրգանը սեղմվում է, որը բերում է այդ օրգանի արյան շրջանառության և սնուցման խանգարման, ապա նաև պատի մեռուկացման: Օղակման կարող է ենթարկվել որովայնի ցանկացած օրգան, բայց ավելի հաճախ` բարակ աղեգալարը, հաստ աղիքը և ճարպոնը:
Ավելի վտանգավոր է աղիքի օղակումը, քանի որ դա բերում է աղիքային անանցանելիության, իսկ հետագայում` վիրահատության ուշացման դեպքում` աղիքի պատի մեռուկացման, թափածակման և թարախային պերիտոնիտի:
Օղակված ճողվածքին բնորոշ նշաններն են հիվանդության սուր սկիզբը, ֆիզիկական լարվածությունից հետո, ճողվածքի շրջանում հանկարծակի սկսվող կտրող բնույթի ուժեղ ցավերը. ճողվածքային արտափքվածությունն այլևս չի ներուղղվում, շոշափելիս այն խիստ լարված է և ցավոտ: Բնորոշ են նաև փսխումը, անոթազարկի հաճախացումը, մաշկային ծածկույթների գունատությունը, սառը քրտինքը, շոկի առաջացումը: Ճողվածքի օղակման դեպքում հիվանդը ենթակա է անհապաղ հոսպիտալման` շտապ վիրահատական միջամտության ենթարկվելու համար:
Հազվադեպ է պատահում օղակված ճողվածքի ինքնուրույն ներուղղում, որի դեպքում ևս անհրաժեշտ է հիվանդին տեղափոխել հիվանդանոց և ապահովել վիրաբույժի հսկողություն 1-2 օրվա ընթացքում, քանի որ աղիքի նախապես օղակված պատում սկսված մեռուկացման ընթացքը կարող է խորանալ` բերելով պերիտոնիտի կամ աղիքային արյունահոսության:
Խստիվ արգելվում է օղակված ճողվածքի բռնի ներուղղումը, քանզի չի բացառվում կազմափոխված ճողվածքապատի կամ դրա պարունակության վնասումը և վտանգավոր բարդությունների զարգացումը: Որովայնի արտաքին ճողվածքների բուժման հիմնական եղանակը վիրահատական է: Պահպանողական բուժման ենթակա են միայն երեխաները (մինչև 4-5 տարեկան հասակը), հատկապես պորտային ճողվածքի դեպքում: Նրանց վիրահատությունը ցուցված է ճողվածքի արագ մեծացման, չներուղղվող ճողվածքի և օղակման դեպքում: Ճողվածքը գործնականում ինքնաբուժման չի ենթարկվում:
(շարունակելի)
Կարդացեք նաև
Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ...
2009թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական հարցեր» համառուսաստանյան գիտագործնական կոնֆերանսը...
Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...
Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2
Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Վերջին տարիներին չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացումը ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներից է, քանի որ հասարակության շրջանում քաղցկեղով հիվանդացության...
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
Էլիզաբեթ Բլեքբերնը, Քերոլ Գրեյդերը և Ջեք Շոստակը տելոմերների ու տելոմերազա ֆերմենտի միջոցով քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմի բացահայտման համար արժանացան 2009թ. Նոբելյան մրցանակի...
1924թ., 85 տարի առաջ, Մոսկվայում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Դոնատ Սեմյոնի Սարկիսովը: 1947թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան...
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանող` բազմաֆունկցիոնալ ստացիոնար ունեցող կլինիկական բուժական հիմնարկ է, որտեղ գործում են ընդհանուր և...
... Այլ կերպ չես կոչի ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում 2009թ. նոյեմբերի 13-ին կայացած հուզիչ միջոցառումը, որը կազմակերպված էր...
Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով...
Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը` էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը...
Պզուկները` կորյակները, մաշկի տարածված հիվանդություններից են: Դրանք հանդիպում են 12-25 տարեկանների 85%-ի, իսկ ավելի մեծահասակների 10%-ի մոտ: Հիվանդությունն ունենում է տարբեր չափի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն